Երեք մայրիների երազանքը

Ինչպես մի հայտնի հին ավանդազրույց է պատմում, մի ժամանակ Լիբանանի հիասքանչ անտառներում երեք մայրիներ ծնվեցին: Մայրիները, ինչպես բոլորին հայտնի է, աճում են շատ-շատ դանդաղ, այնպես որ մեր երեք ծառերը ամբողջ դարեր անց կացրին կյանքի և մահվան, բնության և մարդկության շուրջ մտորումներում:
Նրանք տեսել էին, թե ինչպես Լիբանանի հողին ոտք դրեցին Սողոմոն թագավորի պատգամաբերները և ինչպես հետո, ասորեստանցիների դեմ ճակատամարտերում, արյամբ ողողվեց այդ հողը: Նրանք երես առ երես տեսել էին ոխերիմ թշնամիներ Հեզաբելին և Եղիա մարգարեին: Նրանց ժամանակ էր հորինվել այբուբենը. նրանք զմայլվում էին` տեսնելով, թե ինչպես էին իրենց կողքով անցնում գունագեղ կտորեղենով բարձած քարավանները:
Եվ գեղեցիկ մի օր մայրիները որոշեցին խոսել ապագայի մասին:
— Այն ամենից հետո, ինչ ինձ վիճակվեց տեսնել, — ասաց առաջինը, և կուզեի գահ դառնալ, որի վրա բազմեր աշխարհի ամենահզոր թագավորը:
— Իսկ ես կուզեի այնպիսի բանի մի մասը դառնալ, որը հավերժ Չարը Բարու վերափոխեր,- ասաց երկրորդը:
— Իսկ ինչ մնում է ինձ, — ասաց երրորդը, ապա կուզեի, որ մարդիկ` ինձ նայելով` ամեն անգամ Աստծուն հիշեին:
Անցան տարիներ ու տարիներ, և ահա անտառում վերջապես փայտահատներ հայտնվեցին: Նրանք կտրեցին մայրիները և սղոցեցին դրանք:
Մայրիներից յուրաքանչյուրն իր նվիրական իղձն ուներ, բայց իրականությունը երբեք չի հարցնում, թե ով ինչ է երազում: Առաջին մայրին գոմ դարձավ, իսկ նրա բնափայտի մնացորդներից մսուր սարքեցին: Երկրորդ ծառից գեղջկական կոպիտ մի սեղան պատրաստեցին, որը հետո մի կահույքավաճառի ծախեցին:
Երրորդ ծառի գերանները ծախել չհաջողվեց: Դրանք սղոցով տախտակների բաժանեցին և պահեցին մեծ քաղաքի պահեստներից մեկում:
Դառնագին տրտնջացին երեք մայրիները. «Մեր բնափայտն ախր այնքան լավն էր: Ոչ մեկը, սակայն, արժանի ձևով չօգտագործեց»:
Ժամանակն անցավ, և մի աստղալից գիշեր ամուսնական մի զույգ, որ օթևան չուներ, որոշեց գիշերել այն գոմում, որ կառուցվել էր առաջին մայրու բնափայտից: Կնոջ ծննդաբերելու օրերն էին: Այդ գիշեր նա որդի ծնեց և նրան տեղավորեց մսուրի մեջ` փափուկ ծղոտի վրա:
Եվ հենց այդ պահին առաջին մայրին հասկացավ, որ իր երազանքը կատարվեց. նա նեցուկ եղավ Երկրի Մեծագույն Թագավորին:
Տարիներ անց մի գեղջկական համեստ տան մեջ մարդիկ նստել էին այն սեղանի շուրջ, որը պատրաստված էր երկրորդ մայրու բնափայտից: Նախքան ընթրիքը սկսելը, նրանցից մեկը սեղանին դրված հացի ու գինու վրա մի քանի խոսք ասաց:
Եվ այդտեղ երկրորդ մայրին հասկացավ, որ հենց այդ պահին ինքը նեցուկ եղավ ոչմիայն գինու սափորին ու հացի պնակին, այլև Մարդու և Աստծու միջև միությանը:
Հաջորդ օրը երրորդ ծառի երկու տախտակներից խաչ սարքեցին: Մի քանի ժամ անց վերքերի մեջ կորած մի մարդու բերեցին և մեխերով խաչին գամեցին: Երրորդ մայրին սոսկաց իր բախտից և սկսեց անիծել իր դաժան ճակատագիրը:
Բայց երեք օր էլ չէր անցել, երբ նա հասկացավ իր համար նախանշված բախտը. խաչից կախված մարդը դարձավ Աշխարհի Լուսատուն: Խաչը, որ պատրաստված էր այդ մայրու բնափայտից, խոշտանգման գործիքից վերափոխվեց հաղթության խորհրդանիշի:
Այսպես կատարվեց երեք լիբանանյան մայրիների ճակատագիրը. և ինչպես դա միշտ լինում է երազանքների հետ, նրանց երազանքները կատարվեցին, բայց բոլորովին այլ ձևով, քան իրենք էին պատկերացնում:

Հարցեր և առաջադրանքներ՝

Դուրս գրիր անծանոթ բառերն ու բացատրիր բառարանի օգնությամբ, սովորիր։
Մայրի – ծառի տեսակ
Մտորում – մտածել
Ոխերիմ թշնամի – անհաշտ
Զմայլվել – հիանալ
Բազմել – նստել
Իղձ – ցանկություն
Մսուր – օրորոց
Դառնագին – խիստ դառը
Գեղջկական – գյուղական
Գամել – մեխել

Համացանցից գտիր տեղեկությունների մայրի ծառի մասին, հրապարակիր քո բլոգում, փորձիր ինքդ նկարել այդ ծառը։
Մայրին (լատ.՝ Cedarm), սոճազգիների (Pinaceae) ընտանիքի ասեղնատերև մշտադալար, փշատերև ծառ է։
Նրա բարձրությունը 25-50 մ է, բնի տրամագիծը՝ մինչև 3 մ։
Ծաղկում է աշնանը։ Կոները մեկական են, հիմնականում՝ երկարավուն-ձվաձև կամ տակառաձև։ Կարճ ընձյուղների վրա ասեղնատերևները փնջաձև են, երկար ընձյուղների վրա՝ մեկական՝ պարուրաձև։
Հայտնի է մայրու 4 տեսակ՝ տարածված Հյուսիսային Աֆրիկայում, Լիբանանում, Թուրքիայում, Հիմալայներում[1] և այլուր։ Ղրիմում, Այսրկովկասում, Միջին Ասիայում մշակվում են ատլասյան և հիմալայան մայրիները։ ՀՀ Լոռու և Տավուշի մարզերում աճեցվում է հիմալայան մայրի:

Ինքդ վերնագրիր լեգենդը՝ մեկ բառով, բառակապակցությամբ, նախադասությամբ։
Երազանքները կատարվում են

Ըստ լեգենդի՝ ով էր աշխարհի ամենահզոր արքան:
Աշխարհի ամենահզոր արքան Հիսուս Քրիստոսն է:

Ի՞նչ եք կարծում երեք մայրիների երազանքները իրականացան ո՞ւմ շնորհիվ:
Երեք մայրիների երազանքները կատարվեցին, իրականցան Հիսուս Քրիստոսի շնորհիվ:

Մեզ ի՞նչ է սովորեցնում այս լեգենդը:
Սովորեցնում է, որ երազանքները իրականանում են, բայց այլ ձևով:

Կարո՞ղ եք ձեր կյանքից հիշել այդպիսի մի դեպք, երբ ձեր երազանքը կատարվել է, բայց ոչ այնպես, ինչպես դուք էիք պատկերացնում:
Ես ուզում եմ, որ պատերազմ չլինի, խաղաղություն լինի, տեսնենք իմ երազանքը կիրականանա՞ և ինչպես:

18 12 2021 Երեք մայրիների երազանքը 2021-22

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *